Անձնական կյանքը քաղաքական օրակարգում, ընտրությունները՝ ֆոնին. փետրվարի վերջին շաբաթը Հայաստանում (փետրվարի 23-28)

Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս։ Այն պահին, երբ քաղաքական դաշտում պետք է քննարկվեր ընտրական մրցակցությունը, տեղեկատվական օրակարգը մտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնության ավարտի մասին լուրը։

Թեման արագ դուրս եկավ անձնական կյանքի շրջանակից և դարձավ քաղաքական մեկնաբանությունների առարկա։ Սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ ու ենթադրություններ՝ ներռվելով մրցակիցների քննադատության և վարկաբեկման շուրջ ձևավորվող տեղեկատվական հոսքերի մեջ։ Որոշ հրապարակումներում այս քայլը ներկայացվում էր որպես վարչապետի նոր իմիջի ձևավորման փորձ, մյուսներում՝ որպես հնարավոր քաղաքական հաշվարկ։

Փետրվարի 23-28-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած շաբաթական մոնիթորինգը (2404 հրապարակում) ցույց է տալիս, որ մրցակիցների վարկաբեկման շուրջ ձևավորվող նարատիվները ակտիվ էին նաև դրանից առաջ։ Այդ համատեքստում առանձնացավ կենցաղային բնույթի մի թեմա՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ մայիսի 1-ից Երևանը և մարզերը չեն ունենա 24-ժամյա ջրամատակարարում։ Սահմանափակումների շուրջ սոցիալական ցանցերում ձևավորված դժգոհությունը արագ դուրս եկավ կենցաղային խնդրի շրջանակից և դարձավ իշխանությունների կառավարման արդյունավետությունը քննադատող հրապարակումների հիմք։

Մինչ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդես կգար պաշտոնական արձագանքով, թեման արդեն ակտիվորեն քաղաքականացվել էր։ Մեկնաբանություններում շեշտվում էր, որ պետությունը չի կարողանում արդյունավետ կառավարել անգամ ջրային ռեսուրսները, իսկ ջրանջատումները ներկայացվում էին որպես կառավարական խնդիրների հետևանք։

Ընտրություններին ընդառաջ

Նախընտրական տրամադրությունների ակտիվացմանը զուգահեռ քննարկումների առիթ դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութը. «Ապրիլի 1-ից համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»,- հայտարարեց վարչապետը։

Իշխանական շրջանակներում այն մատուցվեց որպես սոցիալական քաղաքականության շրջանակում ընդունված որոշում, մինչդեռ ընդդիմադիր մեկնաբանություններում ներկայացվում էր որպես սեփական պայքարի արդյունքում կայացրած որոշում կամ նախընտրական «կաշառք»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ, սակայն, պատճառը մեկն է՝ տնտեսական աճը եղել է շատ բարձր։

Հրապ. բաշխումն ըստ շաբաթվա օրերի եւ նարատիվի

Ընդհանուր հրապ.
2 404
Փետ. 23–28, 2026
Ամենաակտիվ օրը
Հինգ.
615 հրապ. · 26.02.2026
Ամենաակտիվ նարատիվը
Մրցակիցների վարկաբեկում
347 հրապարակում
Օրվա ֆիլտրը
նարատիվի ֆիլտր

Այս ֆոնին ակտիվացավ նաև ընտրական գործընթացներին առնչվող թեմաների քննարկումը։ Շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում հայտնվեց հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյա Միհրան Պողոսյանի հայտարարությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այն ներկայացվում էր որպես փորձ՝ վերադառնալու քաղաքական դաշտ և մասնակցելու նախընտրական մրցակցությանը։

Միաժամանակ ընդդիմադիր դաշտում արձանագրվեց նաև նոր համագործակցություն․ «ՀայաՔվե» և «Միասնության թևեր» նախաձեռնությունները հայտարարեցին համագործակցության հուշագրի ստորագրման մասին՝ այն ներկայացնելով որպես ընտրություններին ընդառաջ ուժերի համախմբման քայլ։ Այս զարգացումները տեղեկատվական դաշտում մեկնաբանվում էին որպես ընդդիմադիր ուժերի կողմից նախընտրական դիրքավորումների ձևավորման փորձ։

Ընտրություններին ընդառաջ տեղեկատվական հոսքերում կրկին շրջանառվեց նաև «Մարտի 1»-ի գործը։ Շաբաթվա ընթացքում այս գործի շրջանակում ձերբակալվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը։

Սահմաններ, արտաքին ազդեցություն և անվտանգային քննարկումներ

Շաբաթվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումն էր։ Քննարկումների մի հատվածում այն ներկայացվում էր որպես Հայաստանի սուվերենության ամրապնդման քայլ և սահմանների նկատմամբ վերահսկողության լիարժեք փոխանցում հայկական կողմին։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր ուժերի կողմից այն մեկնաբանվեց որպես անվտանգային համակարգի թուլացում և տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար ռիսկերի աճ։

Դրանից մեկ օր առաջ տարածվել էր նաև տարածաշրջանային առևտրին վերաբերող տեղեկություն․ փետրվարի 25-ին Ադրբեջանից Հայաստան երկաթուղով տեղափոխվել է դիզվառելիքի հերթական խմբաքանակը՝ շուրջ 4500 տոննա։

Վառելիք Բաքվից, աջակցություն՝ Բրյուսելից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Բրյուսելին՝ Երևան ուղարկելու «հիբրիդային արագ արձագանքման խումբ»՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր արտաքին միջամտություններին հակազդելու նպատակով։ Ընդդիմադիր ուժերը այս քայլը մեկնաբանեցին որպես իշխանությունների կողմից առաջիկա ընտրություններում չընտրվելու մտահոգություն։ Մի շարք հրապարակումներում ձևավորվում էր նաև այն թեզը, թե Արևմուտքը կարող է ներգրավվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներում՝ աջակցելով գործող իշխանություններին։

Շաբաթվա վերջում տեղեկատվական հոսքերն առավելապես կենտրոնացած էին միջազգային օրակարգի վրա։ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության մեկնարկը ակտիվացրեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության գործընթացներին առնչվող քննարկումները։

Սոցցանցային դերաբաշխում

Նարատիվների բաշխումը սոցիալական մեդիայում

23–28 փետրվար, 2026 թ.
Ընդհանուր
2,404
Ամենաակտիվ
YouTube  ·  1,087
Facebook
Telegram
YouTube
TikTok
Հրապ. ·
Նարատիվի մասնաբաժին

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ դիտարկված հրապարակումների մեծ մասը բաժին է ընկել YouTube-ին (1087) և Telegram-ին (771), մինչդեռ TikTok-ում արձանագրվել է ամենաքիչ ակտիվությունը՝ 142 հրապարակում։ Սակայն, թեև այս հարթակում դիտարկված հրապարակումների քանակը համեմատաբար փոքր էր, այն ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ կոնկրետ միջադեպի պատճառով։ Փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին TikTok-ում վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվեց Հայկ Եղյանը։ Ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ կիրառեց տնային կալանք և բացակայելու արգելք։

Այս դեպքն առանձնացավ նրանով, որ TikTok-ում հրապարակված մեկ տեսանյութը վերածվեց իրավական արձագանք ստացած քաղաքական դրվագի։

Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան
Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան

Related Articles