24 Փետրվարի, 2026

Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Փաշինյան-Ալիև հանդիպումը և Աջափնյակում կրակոցները՝ մեկ շաբաթ Հայաստանի տեղեկատվական դաշտում (փետրվարի 16-22)

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ձերբակալեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ավելի քան երկու տարի անց (2026 թվականի փետրվարի 17-ին) 57-ամյա գործարարը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր ճանաչեցին Ադրբեջանի դեմ պատերազմի և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։

Դատավճիռն արագ դարձավ ներքաղաքական քննարկումների գլխավոր թեմա։ Այն մեկնաբանվում էր որպես Հայաստանի արտաքին քաղաքականության, բանակցային դիրքերի և խաղաղության գործընթացի ձախողման հետևանք։

Փետրվարի 16-22-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած շաբաթական մոնիտորինգը (2463 հրապարակում) ցույց է տալիս, որ հենց այդ օրը՝ փետրվարի 17-ին, տեղեկատվական ակտիվությունը հասել է շաբաթվա պիկին (556 հրապարակում)։ 

Հրապ. բաշխումն ըստ շաբաթվա օրերի եւ նարատիվի

Ընդհանուր հրապ.
2 464
Փետ. 16–22, 2026
Ամենաակտիվ օրը
Երք.
556 հրապ. · 17.02.2026
Ամենաակտիվ նարատիվը
Մրցակիցների վարկաբեկում
394 հրապարակում
Օրվա ֆիլտրը
նարատիվի ֆիլտր

Սակայն արդեն հաջորդ օրը տեղեկատվական օրակարգը համալրվեց մեկ այլ կարևոր իրադարձությամբ։ Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Վաշինգտոնում ընթացող քննարկումները և Բաքվում կայացված դատավճիռը տեղեկատվական դաշտում սկսեցին ընկալվել նույն քաղաքական համատեքստում՝ կապվելով խաղաղության գործընթացի և Հայաստանի բանակցային դիրքերի շուրջ ձևավորված լայն քննարկման հետ։

Մրցակիցների վարկաբեկում

Խաղաղության խորհրդի նիստերին մասնակցելու քննարկումների ալիքն ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը, դիմելով Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, ասաց. «Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին»։

Այս հայտարարությունը արագ տարածվեց հայկական տեղեկատվական հարթակներում՝ դառնալով իշխանությունների վարկաբեկման թեմա։ Մի շարք հրապարակումներում Փաշինյանի և Ալիևի գրկախառնությունը ներկայացվեց որպես արևմտյան միջնորդության ազդեցության դրսևորում, իսկ որոշ գրառումներում՝ որպես ազգային շահերի ստորադասում արևմտյան միջնորդությանը։

Մինչ արտաքին օրակարգը ձևավորվում էր Հայաստան — ԱՄՆ — Ադրբեջան առանցքի շուրջ, ներքին դաշտում զարգացումները պայմանավորվում էին Քննչական կոմիտեի — Դատախազության — Ներքին գործերի նախարարության գործողություններով։

Փետրվարի 19-ին Քննչական կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի տանը կատարեց զննություն։ Մի շարք հրապարակումներում դա ներկայացվեց որպես ընդդիմադիր դերակատարի նկատմամբ նախընտրական ճնշման փորձ՝ ամրապնդելով իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը։ 

Նման մեկնաբանություններ էին ուղեկցում նաև դատախազության նախաձեռնած մի շարք գործողություններին։ Մասնավորապես, դատախազությունը պահանջել էր Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով, ինչպես նաև նախաձեռնել էր ընդդիմադիր մի շարք գործիչների գույքի բռնագանձման գործընթացներ՝ ներկայացնելով պահանջներ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի (և նրան փոխկապակցված անձանց), «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի, իսկ ավելի վաղ՝ Իշխան Սաղաթելյանի (և նրան փոխկապակցված անձանց) նկատմամբ։

Իշխանության և Ներքին գործերի նախարարության վարկաբեկման առիթ դարձավ նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների միջադեպը։ Մի շարք հրապարակումներում միջադեպը ներկայացվեց որպես անվտանգության ապահովման ձախողում, օրինակ՝ այն մեկնաբանությամբ, թե իշխանությունները չեն կարողանում ապահովել կարգուկանոն անգամ մեկ վարչական շրջանում։

Այլ թեմաներ

Քննարկումները հաճախ կառուցվում էին արտաքին ազդեցության մասին պնդումների (295 հրապարակում), սահմանների և առևտրի թեմաների (294 հրապարակում), ինչպես նաև խաղաղության գործընթացի ու TRIPP նախաձեռնության շուրջ ձևավորված քննարկումների (169 հրապարակում) հիման վրա՝ տնտեսական տվյալների տարբեր մեկնաբանություններով։ Իշխանական շրջանակները շեշտադրում էին Ադրբեջանից հունվարին ներմուծված շուրջ 2.4 մլն ԱՄՆ դոլարի վառելիքը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման և խաղաղության գործընթացի տնտեսական արդյունք։

Խաղաղության գործընթացում իրենց ձեռքբերումները ներկայացնելու համար ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ արդեն 24 ամիս սահմանին զոհ չի գրանցվել՝ այն ներկայացնելով որպես իրենց իշխանության կողմից ապահովված հարաբերական կայունության արդյունք։

Քննարկվող թեմաների շարքում էին նաև եկեղեցի-իշխանություն հարաբերությունների շուրջ զարգացումները (205  գրառում)։ Եպիսկոպոսաց դասի կոչը Հայաստանի իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը», մի շարք հրապարակումներում ներկայացվում էր որպես եկեղեցու և իշխանությունների միջև խորացող հակասության դրսևորում։

Միաժամանակ քննարկվում էին նաև ընտրական գործընթացները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ընտրություններին մասնակցությունը մի շարք հրապարակումներում դիտարկվում էր որպես ընդդիմադիր դաշտում նոր քաղաքական դերակատարի ձևավորման փորձ։

Սոցցանցային դերաբաշխում

Ըստ մոնիտորինգի տվյալների՝ տարբեր նարատիվներ առավել ակտիվ էին տարբեր հարթակներում։ Facebook-ում առավել հաճախ հանդիպում էին մրցակիցների վարկաբեկման (117 հրապարակում) և ընտրությունների ու ԿԸՀ-ի (77) թեմաները։ Telegram-ում առավել ակտիվ էին սահմանների և առևտրի (104) քննարկումները, իսկ YouTube-ում գերակշռում էին սահմանների և առևտրի (123), զինված ուժերի (112) և եկեղեցի-պետություն հարաբերությունների (115) թեմաները։ TikTok-ում առավել տեսանելի էր մրցակիցների վարկաբեկման (58) թեման։

Նարատիվների բաշխումը սոցիալական մեդիայում

16–22 փետրվար, 2026 թ.
Ընդհանուր
2,464
Ամենաակտիվ
YouTube  ·  873
Facebook
Telegram
YouTube
TikTok
Հրապ. ·
Նարատիվի մասնաբաժին

Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան

Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան

Related Articles