ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելեց Հայաստան, պաշտպանության նախարարը ցուցադրեց նոր ամրությունները, իսկ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։
Փետրվարի 9-15-ն ընկած շաբաթը տեղեկատվական դաշտը ձևավորվեց հենց այս իրադարձությունների շուրջ՝ վերածվելով փոխկապակցված նարատիվների շղթայի։
Մրցակիցների վարկաբեկում
Սոցիալական մեդիա հարթակներում շաբաթն սկսվեց Վենսի հայտարարության քննարկմամբ։ Խոսքը վերաբերում էր Հայաստանին առաջարկվող 9 միլիարդ դոլարի ծրագրին․ ներդրո՞ւմ էր այն, պա՞րտք, թե՞ երկարաժամկետ աջակցություն։ Թարգմանչի ձևակերպման շուրջ առաջացած խառնաշփոթը դարձավ ակտիվ շրջանառվող թեմա։ Ընդդիմադիր շրջանակներից Նարեկ Կարապետյանը պնդեց, թե դա ոչ թե աջակցություն է, այլ պետական պարտք և պարտավորություն։
Փաստերի ստուգման հարթակը և Media.am-ը հրապարակեցին հայտարարության ամբողջական և ճշգրիտ թարգմանությունը՝ ցույց տալով, որ խոսքը վերաբերում էր աջակցությանը, ոչ թե պարտքին։
Սակայն, մինչ այդ, Telegram-ում և Facebook-ում արդեն լայնորեն տարածվել էր պետական պարտքի մասին թեզը, որն ընդդիմադիր դերակատարները օգտագործեցին իշխանությանը վարկաբեկելու համար։
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած շաբաթական մոնիտորինգը (փետրվարի 9-15), արձանագրել է, որ սոցիալական մեդիայում տարածված 2289 հրապարակումից, 338-ը դասվել են հենց մրցակիցներին վարկաբեկելու նարատիվին՝ այն դարձնելով ամենաակտիվը։
Հրապ. բաշխումն ըստ շաբաթվա օրերի եւ նարատիվի
Նարատիվների ակտիվության գրաֆիկը ցույց է տալիս, որ դրա դինամիկան կտրուկ աճել է երեքշաբթի և չորեքշաբթի։ Վենսի հայտարարության շուրջ ձևավորված քննարկումն այդ աճի հիմնական գործոններից էր։
Աշխարհաքաղաքական խաչմերուկներ
ԱՄՆ փոխնախագահի այցը տեղեկատվական դաշտում արագորեն ասոցացվեց նաև խաղաղության օրակարգի և Թրամփի ուղի (TRIPP) նախագծի հետ։ Շաբաթվա ընթացքում այս թեմայով դիտարկվել է 140 հրապարակում։ Ակտիվության բարձր կետը դիտվել է շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի (36 հրապարակում) և երեքշաբթի (31 հրապարակում)։
Զուգահեռաբար՝ նույն օրերին և ամբողջ շաբաթվա ընթացքում բարձր դինամիկա են պահպանել ՀՀ սահմանների, տարանցիկ ուղիների և դրանցով իրականացվող առևտրի վերաբերյալ քննարկումները (305 հրապարակում)։
Սա վկայում է, որ արտաքին քաղաքական և տնտեսական հարցերը տեղեկատվական դաշտում զարգացել են համաժամանակյա, իսկ դրանց կապը քաղաքական գործընթացների հետ փոխկապակցված է։
Սահմանների և անվտանգություն
Միևնույն ժամանակ, տեղեկատվական օրակարգը չէր սահմանափակվում միայն արտաքին քաղաքական և տնտեսական թեմաներով։ Շաբաթվա առաջին կեսին ուշադրության կենտրոնում էր նաև պաշտպանության ոլորտը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ԶՈՒ պաշտպանական կառույցների հրապարակային ցուցադրումը դարձավ այս թեմայի ակտիվացման պատճառ (269 հրապարակում)։ Քննարկումները բաժանվեցին երկու ուղղության՝ մի հատվածը շեշտադրեց պաշտպանության ոլորտում բարեփոխումները, մյուսնները՝ հրապարակայնության հնարավոր ռիսկերը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների կողմից պնդում արվեց, թե նման քարոզչական տեսանյութերը բացահայտում են ռազմական գաղտնիքները և վտանգում երկրի անվտանգությունը։
Այսպիսով, պաշտպանության ոլորտին առնչվող այս հրապարակումը ևս ներառվեց նախընտրական համատեքստում և որակվեց որպես PR քայլ։
Իշխանություն vs եկեղեցի
Իրավական գործընթացները ևս դարձան տեղեկատվական ակտիվության գործոն։ Շաբաթվա երկրորդ կեսին ակտիվացավ եկեղեցու և իշխանության շուրջ ձևավորված թեմաները (191 հրապարակում)։
Նախ սրա առիթը եղավ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն»։ Ապա այն, որ հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ, և նրան արգելվեց մեկնել արտերկիր։
Սոցցանցային դերաբաշխում
Սոցիալական մեդիա հարթակների բաշխման պատկերը վկայում է, որ տարբեր մեդիա տիրույթներում բովանդակությունը ոչ միայն այլ կերպ է տարածվում, այլև կառուցվում է տարբեր հաղորդակցման տարբերվող տրամաբանություններով։
2289 հրապարակումներից 1055-ը բաժին է ընկնում YouTube-ին, ինչը ցույց է տալիս, որ հիմնական նարատիվները ձևավորվել և զարգացել են երկարատև քննարկումների, հարցազրույցների և վերլուծական մեկնաբանությունների ձևաչափով։
Նարատիվների բաշխումը սոցիալական մեդիայում
9–15 փետրվար, 2026 թ.Երկրորդ ամենաակտիվ հարթակը Telegram-ն էր՝ 720 հրապարակմամբ։ Այստեղ գերակշռել են արագ արձագանքող, կարճ ձևաչափով հաղորդագրությունները, հատվածական մեջբերումները և առանց լայն համատեքստի ներկայացվող պնդումները։ Վերջիններս հետագայում վերարտադրվել կամ զարգացվել են այլ հարթակներում (Facebook, YouTube)՝ արդեն ավելի ընդլայնված մեկնաբանություններով և վերագրումներով։
Այսպիսով, տեղեկատվական հոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ շաբաթվա ընթացքում ձևավորվեց բազմաշերտ օրակարգ, որտեղ արտաքին, անվտանգային և իրավական թեմաները զարգացան զուգահեռաբար։ Սակայն դրանց շուրջ կառուցված հաղորդագրությունները հաճախ միավորվում էին նույն տրամաբանությամբ՝ մրցակցային դիսկուրսի սրման և քաղաքական շահարկումների ուղղությամբ։ Մասնավորապես, մրցակիցների վարկաբեկելու նարատիվի ակտիվությունը ցույց է տալիս, որ քաղաքական դերակատարները շարունակաբար օգտագործում են արտաքին և անվտանգային հարցերը ներքաղաքական պայքարի շրջանակում։
Հոդվածը հիմնված է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից իրականացված «ՀՀ տեղեկատվական միջավայրը և նարատիվների դինամիկան փետրվարի 1-8-ը» մոնիտորինգի զեկույցի վրա։ Մոնիտորինգի մեթոդաբանությունը և զեկույցները հասանելի են այստեղ:
Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան
Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան


