Մեր մասին

Մեր մասին

Մեր նախաձեռնում ենք իսնտիտուցիոնալ նախագծեր, որոնք հանդես են գալիս ուրույն բրենդով. CyberHUB-AM, dpHUB-AM, CyberChat, moderAItor և այլն։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը ձգտում է օգտագործել ավանդական լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները՝ պաշտպանելու մարդու իրավունքները, նպաստելու ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացմանը, լսելի դարձնելու ձայնազուրկների ձայնը և խորացնելու սոցիալական բազմազանության տարբեր դրսևորումների վերաբերյալ հավաքական ընկալումը:

Մեր աջակիցները

lg7-b
lg9-b
lg6-b
lg5-b
lg8-b
lg4-b

Մեր ցանցը և անդամակցությունը ցանցերին

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը անդամակցում է՝ 

Media Diversity Institute (MDI)-ն միջազգային կազմակերպություն է, որը նպաստում է աշխարհի տարբեր երկրներում մեդիայի կողմից ռասայական, կրոնական, էթնիկական, սոցիալական դասի, տարիքային, հաշմանդամության, գենդերային և սեռական ինքնության հարցերի ճշգրիտ, խորքային և բազմակողմանի լուսաբանմանը։

#KeepItOn կոալիցիան համախմբում է հարյուրավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործընկերներին աշխարհի տարբեր երկրներից՝ կառավարություններից, միջազգային կառույցներից, մեդիայից, մասնավոր հատվածից և այլ ոլորտներից, համատեղ պայքարելու ինտերնետի անջատումների դադարեցման համար։

CiviCERT Համակարգչային միջադեպերի արձագանքման կենտրոնը ՔՀԿ-ների գլոբալ ցանց է, որը վստահելի համագործակցության միջոցով նպաստում է քաղաքացիական հասարակության դիմակայունության ամրապնդմանը՝ համատեղ օգտագործելով ընդհանուր ենթակառուցվածքներն ու ռեսուրսները և ուսումնասիրելով առկա թվային սպառնալիքները։

Spyware Accountability Initiative-ը (SAI) գլոբալ հիմնադրամ է, որը աջակցում է լրտեսական ծրագրերի չարաշահումների բացահայտմամբ և կանխմամբ զբաղվող ՔՀԿ-ներին։ Այն գործում է New Venture Fund-ի շրջանակում՝ որպես The Ford Foundation-ի Dignity and Justice Fund-ի մաս, և ամրապնդում է հետազոտողների ու իրավապաշտպանների կարողությունները՝ մարդու իրավունքները թվային վերահսկողությունից պաշտպանելու համար։

Open Observatory of Network Interference-ը շահույթ չհետապնդող, բաց կոդով նախաձեռնություն է, որը փաստագրում է ինտերնետային գրաքննության դեպքերը ամբողջ աշխարհում։ Կազմակերպության առաքելությունն է գլոբալ մակարդակում նպաստել ազատ և բաց ինտերնետի պաշտպանությանը։

A4E Counter Disinformation Network (CDN)-ը համաեվրոպական համագործակցային նախաձեռնություն է, որի նպատակն է կանխարգելել, հայտնաբերել և հակազդել տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Այն միավորում է OSINT հետազոտողների, լրագրողների, փաստերի ստուգմամբ զբաղվող մասնագետների, գիտնականների և այլ փորձագետների ու նրանց կազմակերպություններին։

Փաստացի (inFact) հայաստանյան նախաձեռնությունը մեկ հարկի տակ է միավորում Հայաստանի առաջատար լրատվամիջոցներին և մեդիա կազմակերպություններին, որոնք զբաղվում են փաստերի ստուգմամբ և ապատեղեկատվության դեմ պայքարով։ Այն նպաստում է նաև քաղաքացիների շրջանում փաստերի ստուգման կարողությունների ձևավորմանը։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը ստորագրել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության Էթիկական սկզբունքների կանոնագիրը, որով միացել է մեդիայի ինքնակարգավորման նախաձեռնությանը՝ ի նպաստ էթիկական, պատասախանտու և օբյեկտիվ լրատվության և ի պաշտպանություն մարդու իրավունքների։

Մեր գործունեության պատմությունը

2003

Առաջին գործողություն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (ԲՏԻ) Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2003 թվականից, որպես Լոնդոնում գործող Media Diversity Institute կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ:

2006

Գրանցումը Հայաստանում

2006 թվականին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում` իր խորհրդում ունենալով բրիտանական կազմակերպության ներկայացուցիչների, սակայն գործելով որպես անկախ հասարակական կազմակերպություն:

2019

CyberHUB-AM նախաձեռնություն

ԲՏԻ-ի առաքելությունն է պաշտպանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների, լրագրողների, լրատվամիջոցների և լայն հասարակության, այդ թվում՝ երեխաների, դեռահասների ու նրանց խնամակալների թվային իրավունքները Հայաստանում, տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում։

Մենք իրականացնում ենք սա՝ խթանելով թվային անվտանգությունը, կիբեռանվտանգության իրազեկվածությունը, խոսքի ազատությունը, համացանցի բաց և անվտանգ հասանելիությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և պատասխանատու շահերի պաշտպանությունը:

Այս առաքելությունն իրագործելու նպատակով ԲՏԻ-ն հիմնադրել է CyberHUB-AM-ը՝ մասնագիտացված նախաձեռնություն, որը գործում է և՛ որպես կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքման թիմ, և՛ որպես թվային փորձաքննության լաբորատորիա՝ ուղղված ՔՀԿ-ների, իրավապաշտպանների, լրագրողների, ակտիվիստների և անկախ մեդիայի աջակցությանը:

2022

dpHUB-AM նախաձեռնություն

Ի հավելումն կիբեռանվտանգության և թվային ապահովության նախաձեռնությունների՝ ԲՏԻ-ն ստեղծել է dpHUB-AM-ը՝ տվյալների պաշտպանության հարթակ, որը կենտրոնացած է Հայաստանում անձնական տվյալների և գաղտնիության պաշտպանության վրա:

dpHUB-AM-ն աջակցում է պետական կառույցներին, մասնավոր սեկտորի դերակատարներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խորհրդատվության, դասընթացների, կարողությունների հզորացման և տվյալների պաշտպանության համապատասխանության աուդիտի միջոցով:

Նախաձեռնությունն իրականացնում է նաև շահերի պաշտպանություն, հետազոտություններ, դեպքերի ուսումնասիրություն և տվյալների պաշտպանությանն առնչվող օրենսդրության վերլուծություն, ինչպես նաև մշակում է քաղաքականության առաջարկներ ու փաստաթղթեր՝ գաղտնիության երաշխիքներն ու տվյալների պատասխանատու կառավարումն ամրապնդելու համար: dpHUB-AM-ը գործում է սերտ համագործակցությամբ ԲՏԻ-ի CyberHUB-AM միջադեպերի արձագանքման թիմի հետ:

2025

ԿիբեռՉատ նախաձեռնություն

2025 թվականից սկսած, իր CyberHUB-AM նախաձեռնության շրջանակներում, ԲՏԻ-ն գործընկերություն է հաստատել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ՝ մշակելու CyberChat-ը՝ Հայաստանում երեխաների և դեռահասների համար թվային անվտանգության աջակցության առաջին հարթակը:

Կիբեռչատի նպատակն է օգնել մինչև 18 տարեկան երեխաներին ու դեռահասներին, ինչպես նաև նրանց ծնողներին՝ հասկանալ առցանց ռիսկերը և սովորել, թե ինչպես պաշտպանվել: Հարթակը համատեղում է կանխարգելման և աջակցության գործիքները, ինչպիսիք են կրթական նյութերը, թեժ գիծը և անանուն չատը, որպեսզի օգտատերերը ոչ միայն սովորեն և լինեն զգոն, այլև խնդիրների դեպքում ստանան տեխնիկական, իրավական և հոգեբանական օգնություն:

Գերակա նպատակն է բարձրացնել թվային գրագիտությունը և ապահովել, որ ոչ մի երեխա, պատանի, ծնող կամ խնամակալ իրեն միայնակ չզգա թվային մարտահրավերներին բախվելիս:

2026

moderAItor նախաձեռնություն

2025-2026-ի ընթացքում Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (All Rights Foundation)՝ համագործակցելով Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի և վերջինիս CyberHUB-AM նախաձեռնության հետ, համատեղ մշակեցին առցանց ատելության խոսքի մոդերացիայի moderAItor արհեստական բանականությամբ օժտված գործիքը։

moderAItor գործիքը հնարավորություն է տալիս լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դերակատարներին մոդերացնել իրենց Facebook, Instagram և YouTube էջերը՝ իրական ժամանակում։ Գործիքը վերլուծում է հայերեն՝ հայատառ, լատինատառ և կյուրեղագիր բովանդակությունը, ապա նույնականացնում ատելության խոսքը՝ դասակարգելով դրանք ըստ ատելության խոսքի բնույթի և հիմքերի։ Այն հնարավորություն է տալիս ավտոմատ մոդերացնել բովանդակությունը՝ հեռացնել, ջնջել կամ ուղարկել դիտարկման։

Գործիքը զուգահեռ գեներացնում է մեծ ծավալի վիճակագրական բովանդակություն՝ ժամանակագրական դինամիկայի արտահայտմամբ։

Այս նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում առցանց ատելության խոսքի դեմ պայքարին, լրատվամիջոցների կարողությունների և հնարավորությունների զարգացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

Այս առաքելությունն իրագործելու համար ԲՏԻ-ն սահմանել է հստակ և թիրախային ռազմավարություն: Մենք աշխատում ենք հետևյալ ռազմավարական ուղղություններով.

Մենք իրականացնում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների, լրագրողների, ակտիվիստների, ուսուցիչների թվային անվտանգությանկարողությունների զարգացման դասընթացներ՝ բազային, միջին և առաջադեմ մակարդակներում: Մենք նաև տրամադրում ենք մասնագիտացված իրազեկման ծրագրեր երեխաների և դեռահասների համար՝ օգնելով նրանց ճանաչել, կանխել և հայտնել առցանց ռիսկերի ու վնասակար վարքագծի մասին:

Մենք օգնում ենք կազմակերպություններին և անհատներին ամրապնդել իրենց թվային և ֆիզիկական ենթակառուցվածքները՝ պաշտպանելով թե՛ գրասենյակային (ֆիզիկական) միջավայրը, թե՛ անձնական թվային տվյալները, ներառյալ անչափահասների և կրթական հաստատությունների համար նախատեսված անվտանգ առցանց տիրույթները:

Մենք հանդես ենք գալիս թվային իրավունքների շուրջ իրավական դաշտի հզորացման օգտին, ներառյալ համացանցի ազատությունը, խոսքի ազատությունը, գաղտնիությունը, տվյալների պաշտպանությունը և արհեստական բանականության էթիկական օգտագործումը: Մենք նաև աջակցում ենք այնպիսի քաղաքականությունների մշակմանը, որոնք ուղղված է երեխաների և երիտասարդների թվային բարեկեցության և առցանց անվտանգության բարելավմանը:

Մենք խթանում ենք թվային գրագիտությունը, կիբեռանվտանգության իրազեկվածությունը, մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունը լայն լսարանների համար՝ լրագրողներից ու ՔՀԿ-ներից մինչև ծնողներ, ուսուցիչներ և երիտասարդներ:

Մենք պայքարում ենք ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ՝ մշակելով փաստերի ստուգման գործիքներ և տրամադրելով հավաստի և ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն:

Այս ռազմավարությունն արդյունավետ դարձնելու համար ԲՏԻ-ն ակտիվորեն համագործակցում է դերակատարների լայն շրջանակի հետ՝ տեղական և միջազգային գործընկերներ, դոնորներ, դիվանագիտական առաքելություններ, պետական հաստատություններ, քաղաքականություն մշակողներ և փորձագիտական հանրույթ: Մենք ծառայում ենք որպես հաղորդակցության կամուրջ այս շահագրգիռ կողմերի միջև՝ ապահովելով երկխոսություն, համակարգում և փոխադարձ վստահություն:

Մենք նաև համագործակցում ենք բիզնեսների և սոցիալական ձեռնարկությունների հետ՝ խրախուսելով նրանց իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն՝ նպատակային ու կայուն ծրագրերով: Այս գործընկերությունների միջոցով մենք օգնում ենք ապահովել, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները մնան դիմակայուն, կայուն և մշտապես գործունակ իրենց առաքելության մեջ: